Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էդուարդ Շարմազանով. «Լինենք ուժեղ, էլի ուժեղ և միշտ ուժեղ»

Էդուարդ Շարմազանով. «Լինենք ուժեղ, էլի ուժեղ և միշտ ուժեղ»
13.12.2015 | 10:14

Արգենտինայի նախագահի պաշտոնակալությանը մասնակցելու նպատակով Բուենոս Այրես մեկնած ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 11-ին Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդարանում հանդիպել է հայկական համայնքի հետ: Հանդիպմանը ներկա են եղել Արգենտինայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանը, Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո ՈՒրրիոլաբեիտիան, Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Հայ կաթողիկե եկեղեցու Հարավային Ամերիկայի թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Պողոսյանը, Արգենտինայի հայոց թեմի հոգևոր սպասավոր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, թեմական խորհրդի և հայ կենտրոնի ատենապետ Ալբերտո Ճերեճյանը, արգենտինահայ համայնքի հաստատությունների, կազմակերպությունների, կուսակցությունների և միությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթով.
«Սիրելի հայրենակիցներ,
Անչափ ուրախ եմ բարեկամ Արգենտինայում գտնվելու և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը մի պետություն է սփյուռքով և միանգամայն այլ պետություն՝ առանց սփյուռքի: Այսօր ավելի քան երբևէ գործում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Այդ միասնությունն է նախ և առաջ լինելու մեր հաջողությունների և հետագա ձեռքբերումների առհավատչյան:
Արգենտինայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների ձևավորման հիմքում ընկած եք նախ և առաջ դուք, սիրելի արգենտինահայեր: Դուք բազմիցս եք ապացուցել, որ ապրելով օվկիանոսից այն կողմ, լինելով Արգենտինայի օրինապահ քաղաքացիներ՝ մնացել եք հայ և այստեղ ձևավորել մի փոքր Հայաստան: Հայոց պետականության վերականգնմամբ հայ ժողովուրդը գտավ իր հենման ամուր կետը, որպեսզի հանդիսանա ինքն իր ճակատագրի դարբինը:
Արցախյան հերոսամարտում հայ ժողովրդի հաղթանակը հնարավոր եղավ մեր ազգի միասնական ուժերի համախմբման արդյունքում, որտեղ անուրանալի էր Սփյուռքի մեր եղբայրների դերը: Այսօր էլ հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը և մերժել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:
Ցավոք, վերջին օրերին մենք ունեցանք անդառնալի կորուստներ. հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվեց երկու զինծառայող: Այս իրադարձությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը չի հրաժարվում արցախյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից: Այդ երկիրն այդպես էլ անցյալից դասեր չքաղեց. Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը 90-ականներին հոխորտում էր, որ հակամարտությունը կլուծի ռազմական ճանապարհով` սպառնալով գրավել Սևանը: Իրադարձությունները, սակայն, այլ կերպ զարգացան. ադրբեջանցիները ստիպված եղան հայերից զինադադար աղերսել: Մենք արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք և, որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, վերահաստատում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում. դա է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Թե Հայաստանում, թե Սփյուռքում մենք պետք է սատար լինենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը:
Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները նոր սկիզբ են հանդիսանալու Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման և ժխտողականության դեմ պայքարում: Մենք շնորհակալ ենք բարեկամ Արգենտինային, որ ընդունել և օրենքի ուժով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Մարդկային հասարակության դեմ իրագործված ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Աշխարհը պետք է դատապարտի ոճրագործներին, ինչպես նաև պայքարի թուրքական ժխտողականության դեմ, քանի որ ցեղասպանության ժխտումը նույնքան հանցավոր է, որքան ցեղասպանության իրականացումը: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ իրավացիորեն նշեց. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև որտեղ հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը, իսկ թաքցնել հանցանքը նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի»:
Թույլ տվեք ևս մեկ անգամ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզ բոլորիդ հայրենիքի հետ կապը պահելու, Հայաստանի և Արգենտինայի միջև բարեկամության կամուրջ լինելու, ինչպես նաև հայապահպանության գործում ձեր անուրանալի ավանդի համար: Հպարտ եմ, որ այստեղ՝ Բուենոս Այրեսում, հանդիպելով ձեզ՝ ներշնչվեցի ձեզնով և հերթական անգամ համոզվեցի, որ hայն անկոտրում է իր ոգով՝ թեկուզև ապրելով օվկիանոսից այն կողմ: Ինչպես կասեր մեծն Գարեգին Նժդեհը, լինենք ուժեղ, էլի ուժեղ և միշտ ուժեղ»:

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ